ԱՄՆ իշխանությունները ռուս Ռոման Սեմյոնովին, որին ամերիկյան կողմը անվանում է Tornado Cash կրիպտոարժույթի ծառայության հիմնադիրներից մեկը, մեղադրանք են առաջադրել ավելի քան 1 միլիարդ դոլար լվանալու համար, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի հաքերների համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ Սեմյոնովը հանցակցի՝ ամերիկացի Ռոման Սթորմի հետ միասին ստեղծել է սխեմա, որը կոչված է օգնել այլ հանցագործներին միջոցներ լվանալ կրիպտոարժույթի օգտագործմամբ։
Tornado Cash-ը ավելի քան 1 մլրդ դոլարի լվացման գործարքներ է ապահովել եւ հարյուր միլիոնավոր դոլարներ է լվացել հյուսիսկորեական Lazarus Group կիբեռկրիմինալ կազմակերպության համար, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ:
Սեմյոնովի դեմ, որը, իշխանությունների տվյալներով, բնակվում է Դուբայում, պատժամիջոցներ են սահմանվել նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարարության գծով՝ ԿԺԴՀ-ի հետ կապերի եւ կիբեռհանցագործությունների համար:




























