Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Օլիվյե Դեկոտինիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից։

Վարչապետը շնորհավորել է պարոն Դեկոտինիին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջեւ առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում  փոխգործակցության ընդլայնմամբ:

Օլիվյե Դեկոտինին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը նպաստելու հայ-ֆրանսիական առանց այն էլ ամուր կապերի խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տնտեսության ոլորտում համագործակցությանը, ֆրանսիական ընկերությունների՝ հայկական շուկա ներգրավմանը, ներդրումային ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին: Կարեւորվել է Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը:

Մտքեր են փոխանակվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: