Մենք կարծում ենք, որ այս ընտրությունները  հնարավորություն են ամբողջական իշխանափոխություն իրականացնելու եւ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ օրակարգը դոմինանտային դառնա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու բակում քարոզարշավի 5-րդ օրը հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը: 

 «Մեր երկրում թիվ մեկ հարցը անվտանգությունն է, իսկ անվտանգությունը պահելու համար պետք է իշխանափոխությունը: Երեւանի խնդիրները նույնպես կարեւոր են եւ դրա հետ կապված մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, բայց մենք համոզված ենք, որ եթե չլինի ամբողջական իշխանափախություն, այդ ծրագրերն էլ գետնի վրա են մնալու եւ ոչ մեկ չի կարողանալու  քաղաքը կառավարել»,- ասաց նա:

Թեւանյանը նշեց, որ խորհրդանշական է այսօր քարոզարշավը սկսել եկեղեցու մոտից, քանի որ իշխանությունները իրենց կառավարման առաջին  իսկ օրերից հարձակվեցին ամենակարեւոր ինստիտուտների վրա՝ եկեղեցի, ընտանիք, մարդկային հարաբերություններ, արժեքներ. «Մենք ցույց ենք տալիս, որ դա մեր կողմից անընդունելի մոտեցում է եւ ճիշտ հակառակը: Նրանք, ովքեր որ կողմ են մեր հասարակության համախմբմանը, մենք ասում ենք, որ այդ մոտեցումը պետք է դոմինանտ դառնա: Մեր հանդիպումները բնակիչների հետ ցույց են տալիս, որ մարդիկ արդեն ընկալել են այդ օրակարգը, այն վերաբերում է Արցախի եւ Հայաստանի խնդիրներին եւ մենք համոզված ենք, որ այդ օրակարգը ամբողջական, ընդգրկուն տեսք է ստանալու եւ հասարակությունը վերցնելու է  այդ թեզը եւ գնալու է ընտրության»,- ասաց նա:

 «Մայր Հայաստան» դաշինքի անդամները պատարագին մասնակցելուց հետո սկսեցին իրենց քարոզարշավը: