Օգոստոսի 27-ին մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում նշվել է Ջիվանու օրը: Jnews-ը գրում է, որ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունն ավանդաբար հուլիսյան վերջին օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու մեծարմանը, սակայն այս տարի բեմի նորոգման պատճառով հետաձգվել է ու նշվել օգոստոսի 27-ին։

Տոնական օրվա մեկնարկը տրվել է գյուղամեջում կանգնեցված Ջիվանու արձանին ծաղիկներ խոնարհելով, որից հետո տոնախմբության մասնակիցները շարժվել են դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան, ծանոթացել աշուղի կենսագրությանն ու թողած մշակութային ժառանգությանը:

Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին ելույթ են ունեցել  Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի», «Ջավախք» անսամբլները՝ Աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ: Բեմում Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլն է եղել  ջիվանական երգ ու տաղով։ Հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր։