Ադրբեջանական այսպես կոչված՝ «մարդասիրական» բեռները թույլ չենք տալու, որ մտնեն Ստեփանակերտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Գիշերը Ստեփանակերտից մարդկանց մեծ հոսք գնաց այդ հատված, սակայն ասկերանցիները առաջարկել են, որպեսզի իրենք հսկեն եւ ասել են, որ թույլ չեն տալու՝ որեւիցե մեկը մտնի: Ասկերանցիներն այս պահին վրաններով հերթապահություն են անում: Ռուսական կողմն էլ խոստացել է, որ իրենք թույլ չեն տալու, որ որեւէ մեքենա անցնի դեպի Ասկերան: Մենք ունենք մենք որոշումը, եւ որեւէ բան չի փոխվել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Հակոբյանը շեշտեց, որ Արցախի հայերը թույլ չեն տալու Արցախի իշխանությունները բացեն Աղդամի ճանապարհը. «Չեմ կարծում, որ Արցախի իշխանությունները կգնան նման արկածախնդրությանը»:
Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից դեպի Կոռնիձորի ուղղությամբ ուղարկվող հումանիտար բեռներին՝ Արցախի պատգամավորն ասաց.
«Մենք իրականում հոգնել ենք, մեզ մոտ բացի զայրույթից այլ զգացում չկա: Այն գործիքակազմը, որն ունեն սկսած ՀՀ իշխանություններից վերջացրած տարբեր երկրներով ու, մասնավորապես, Ֆրանսիայով, իրենք այդ գործիքակազմը կարող են օգտագործել, որպեսզի ի վերջո գործնական քայլեր կատարվեն, այսինքն՝ օրինակ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն: Այդ բեռներն ուղարկողները շատ լավ հասկանում են, որ դրանք այդտեղ անժամկետ մնալու են: Այսօր նրանք խաղում ենք արցախցիների զգացմունքների հետ, որովհետեւ շատերը չեն էլ պատկերացնում այդ քաղաքական իրավիճակը»:





























