Ադրբեջանի երեկվա քայլը՝ փորձել բեռներ ուղարկել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, հասկանալի է, բայց՝ անընդունելի։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը քաղաքական նպատակներ է հետապնդում՝ ցանկանալով ցույց տալ, որ դա, իբր, իրենց ներքին խնդիրն է, և Արցախի հումանիտար ճգնաժամը չի կարող վերաբերվել արտաքին աշխարհին, թեև այդ խնդիրը հասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Բացի այդ, կան հեղինակավոր փորձագետների կարծիքներ՝ Բաքվի կողմից ցեղասպանության քաղաքականության վարման վերաբերյալ։
«Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո բոլոր ջանքերը գործադրում է՝ հասնելու, որպեսզի ԿԽՄԿ ներկայացուցչությունը դուրս բերվի Ստեփանակերտից և տեղակայվի Շուշիում կամ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեկ այլ բնակավայրում։ ԿԽՄԿ-ի ներկայությունը, որը հաշվետու է Ժնևի գրասենյակին, մեզ համար առավելություն և հնարավորություն է:
Ի վերջո, Ադրբեջանում կա ԿԽՄԿ գրասենյակ, և Բաքուն նույնը կարող էր անել Կարմիր խաչի միջոցով՝ կապ ապահովելով Ստեփանակերտի հետ։ Ընդ որում, և այդ դեպքում մեր մոտեցումները չէին փոխվի։ Այս ամենը միայն ամրագրում է այն փաստը, որ Բաքուն չի թաքցնում իր մտադրությունները»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ հարյուրավոր արցախցիներ հավաքվել էին Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին՝ կանխելու ադրբեջանական ապրանքների մուտքը։ Արցախի իշխանությունները ավելի վաղ նաև հայտարարել էին, որ բեռների ստացման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։





























