Եթե ես սկսեմ գոտկատեղից ներքեւ հարվածել, շատ ցավոտ կլինի, բայց առնվազն մենք անում ենք առավելագույնը, որ քարոզարշավը անցնի ոչ միայն օրենքի, այլեւ քաղաքական ու բարոյական նորմերի շրջանակներում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ուժեղ ռեսուրսը: Իշխանության ռեսուրսը ֆեյքերն են: Այսինքն եթե հանկարծ, ֆեյսբուքը Հայաստանում մեկ շաբաթ չգործի, իշխանությունն ինքնաքանդման պրոցես կանցնի, չի լինի իշխանություն: Ուրիշ գործունեությունը իրենց մոտ չկա: Այսօր իշխանության միակ համակարգը, որ պետության մեջ ամուր սարքած է, բոլորը գիտեն ինչ են անում, դա միայն ֆեյսբուքի համակարգն է: Հայաստանում այլ համակարգ, որ այդպես կազմակերպված աշխատում է, չկա:

Ցավով եմ արձանագրում, որ ամեն գնով իշխանություն պահելու մոլուցքը եկել հասել է այս իշխանություններին: Այն հռետորաբանությունը, այն գործիքակազմը, որ ընտրում են, շատ ցավալի է:

Ակնհայտ է, որ իշխանությունները հերթական անգամ թաքնվում, են իրենց ֆեյքերի հետեւում»,-ասաց նա: