Արցախում զարգացումների կուլմինացիան Ազգային ժողովի նախագահի հրաժարականն էր եւ այդ պաշտոնն ընդդիմադիրի տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Արայիկ Հարությունյանը եւ իր կառավարությունը չկարողացան հարցի լուծումը գտնել։ Իհարկե, լուծումը գտնելու հնարավորություններն էլ շատ մեծ չէին, որովհետեւ Արցախը չճանաչված հանրապետություն է, չունի միջազգային կապեր։ Բայց մենք փնտրտուքներ էլ չտեսանք, որովհետեւ Արայիկ Հարությունյանը շատ իներտ էր” Զարմանալի էր, երբ նախագահի նստացույց է անում, նման բան չի եղել պատմության մեջ։ Նման բան անում է ընդդիմությունը, որ իշխանության դեմ ճնշում գործադրի։ Կուլմինացիան իհարկե, Ազգային ժողովի նախագահի հրաժարականն էր եւ այդ պաշտոնն ընդդիմադիրի տալ»,- ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժրականի պատճառներին։
Նրա խոսքով պատճառ էր նաեւ Հայաստանի իշխանության հետ դիրքորոշումներում եղած տարբերությունը. «Արցախում քաղաքական տրամադրությունը պատմականորեն եղել է ռուսական։ Հայաստանի բանակցությունները բրյուսելյան եւ ամերիկյան հարթակներում Արցախում միշտ ընդունվում էր տարակուսանքով, եւ իրենց հայտարարությունների ենթատեքստերում նկատելի էր, որ իրենց համար ընդունելին ռուսական հարթակում բանակցելն է: Արցախում ավելի շատ գերադասում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ լուծումը գտնի»,-ասաց քաղաքագետը:
Նա նաեւ նկատեց, որ Արցախում իրավիճակը կախված է այն բանից, թե նոր իշխանությունը ինչպես կհաղորդակցվի ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատարի հետ. «Եթե նոր իշխանությունը կարողացավ նոր հրամանատարի հետ ընդհանուր գիծ գտնել եւ ապահովել անվտանգությունը, դրական կլինի։ Կարծում եմ՝ այս պարագայում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների կոորդինացված հարաբերությունների մակարդակն ավելի է իջնելու»,- նշեց նա։





























