Բաքվում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը «քաղաքական մանիպուլյացիա» է Ադրբեջանի դեմ։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեի՝ Լեռնային Ղարաբաղի երկար ամիսներ շարունակվող շրջափակումը հորինվածք է եւ ֆանտազիա:

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Հաջիզադեն անընդունելի է համարել սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Անն Քլեր Լեժանդրի արտահայտած կարծիքները, որոնք «չեն ծառայում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, սխալ տպավորություն են ստեղծում առկա իրավիճակի մասին եւ պաշտպանում են Հայաստանը միակողմանի կարգով»:

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի դեմ հնարավոր հերթական ագրեսիայի հարցը՝ Հաջիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանն իրավունք ունի իր ուժերն ուղղել իր ինքնիշխան տարածքում զորավարժությունների նպատակով, ինչպես նաեւ սահմանների անվտանգության ապահովման համար, եւ այդ քայլերին միջամտելն անթույլատրելի է»: Միաժամանակ Հաջիզադեն նշել է, որ «այդ քայլերը որեւէ կերպ չեն կարող կասկածի տակ դնել Ադրբեջանի հանձնառությունը գոյություն ունեցող խաղաղ օրակարգին»։

«Ինչ վերաբերում է ֆրանսիական կողմի անհիմն պնդումներին, ապա դա վարկաբեկման արշավի մի մասն է, որը Հայաստանն իրականացնում է Ադրբեջանի դեմ ամբողջ աշխարհում՝ չարաշահելով առանձին պետություններ եւ միջազգային կազմակերպություններ։ Այն, որ Հայաստանը փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել իրավիճակը որպես մարդասիրական բնույթի հարց, չպետք է որեւէ կասկած առաջացնի, որ իրականում դա քաղաքական մանիպուլյացիա է՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ»,-ասել է նա։