«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությմաբ է հանդես եկել։

«Շնորհակալություն ենք հայտնում մեզ ընտրողներին՝ իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:

Վստահ եղեք, որ ամենայն պատասխանատվությամբ ու խնամքով ենք վարվելու մեզ տրված յուրաքանչյուր քվեի հետ։

«Հանրապետություն» կուսակցությունը ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումից և իրավիճակի հստակեցումից հետո հայտարարությամբ կներկայացնի իր տեսակետը»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն (32,57 տոկոս), «Ազգային առաջընթացը» (18,89 տոկոս), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43 տոկոս), «Հանրապետությունը» (11,32 տոկոս) և «Հանրային ձայնը» (9,68 տոկոս):

Նշենք, որ եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24

«Ազգային առաջընթաց» - 14

«Մայր Հայաստան» - 12

«Հանրապետություն» - 8

«Հանրային ձայն»- 7

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ  Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Հայկ Մարությանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել հետընտրական զարգացումներին։