Ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 16-ին, ժամը` 13:15-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմքենա, որի մեջ դիակ կա:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Ոոստիկանության մամուլի ծառայությունում, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի նստելատեղին հայտնաբերվել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով:
Ավտոմեքենայի աջ նստատեղին դրված սեւ կաշվե պայուսակի մեջ հայտնաբերվել է Բելգիական արտադրության «Բրաունինգ» տիպի ատրճանակ` 53 փամփուշտներով, իսկ մեքենայի սրահում` «ՏՏ» տիպի ատրճանակի կրակված 1 պարկուճ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին Ոստիկանության մամուլի ծառայությունում, փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:Հավելյան տեղեկատվություն գործի առնչությամբ Ոստիկանությունում չտրամադրեցին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Արմեն Արայիկի Պետրոսյանը «Արայ» ընկերության սեփականատերն էր:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























