Հայաստանի կենտրոնական բանկը, հանդիսանալով Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ հանդիսացող ֆինանսական կազմակերպությունների կարգավորող եւ վերահսկող մարմին, այժմ անդամակցում է նաեւ Կենսաթոշակային վերահսկողների միջազգային կազմակերպությանը (International Organisation of Pension Supervisors-IOPS):

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ IOPS-ը միջազգային անկախ մարմին է, որը ներկայացնում է տարբեր երկրների մասնավոր կենսաթոշակային սխեմաների վերահսկողության մեջ ընդգրկված լիազոր մարմիններին: Ներկայումս միավորում է 64 կառավարող, 6 ասոցացված անդամներ եւ 3 դիտորդի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ` ներառելով տնտեսական զարգացման բոլոր մակարդակները եւ ի մի բերելով կենսաթոշակային վերահսկողության համակարգերի բոլոր տեսակները:

Ստեղծվելով 2004 թվականի հուլիսին Կենսաթոշակային կարգավորողների միջազգային ցանցի (INPRS) նախաձեռնությամբ՝ IOPS-ը նպատակ ունի ստեղծել վերահսկողության հարցում ավելի ֆորմալ, անկախ մարմին, որը կարող է ծառայել աշխարհի մասշտաբով կենսաթոշակային քաղաքականության շուրջ երկխոսությանն ու տեղեկատվության փոխանակությանը, եւ դառնալ չափորոշիչներ մշակող եւ կենսաթոշակային վերահսկողության լավագույն փորձը խթանող կառույց:

Ներկայումս կուտակային կենսաթոշակային համակարգին անցնող երկրների թիվն ավելանում է: Այն երկրներում, որտեղ առկա է բնակչության ծերացման եւ հետեւաբար կենսաթոշակային ապահովության խնդիր, կառավարությունները, որպես լուծում, նախաձեռնում են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում, որով լուծվում է բնակչության կենսաթոշակների ֆինանսավորման հարցը:

Հայաստանում կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործարկման համար անհրաժեշտ պայմաններն արդեն ստեղծված են, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014 թվականի հունվարից:

Այս համատեքստում IOPS-ի օժանդակությունը հատկապես կարեւոր է նորաստեղծ կուտակային կենսաթոշակային համակարգերի վերահսկող մարմինների համար, քանի որ միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն մոդելի ներդրման համար տրամադրում է վերահսկողության իրականացման վերաբերյալ բազմաթիվ աղբյուրներ:

Լինելով IOPS-ի կառավարող անդամ` ՀՀ կենտրոնական բանկին հասանելի են կազմակերպության շրջանակներում բոլոր թեմատիկ քննարկումները: Հնարավոր է տեղեկատվություն փոխանակել կենսաթոշակային համակարգը կարգավորող եւ վերահսկող այլ երկրների լիազոր մարմինների հետ, երկխոսություն վարել մասնավոր կենսաթոշակային համակարգի ֆինանսական քաղաքականության շուրջ եւ օգտագործել կենսաթոշակային համակարգի վերահսկողության լավագույն փորձը: