Ղրղըզստանի մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանում տեղակայված Պենտագոնի Տրանզիտային բեռնափոխադրումների կենտրոնի հետագա ճակատագիրը պետք է որոշվի ՀԱՊԿ շրջանակներում, կարծում է Ղրղըզստանի վարչապետի պաշտոնակատար Օմուրբեկ Բաբանովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք համաձայնագիր ունենք, որտեղ գրված է, որ մինչեւ 2014 թվականը տվյալ ավիաբազան գտնվելու է «Մանաս» օդանավակայանում: Այդ ժամկետի ավարտից հետո մենք հուսով ենք, որ Աֆղանստանում իրավիճակը կկարգավորվի, եւ այնտեղ գտնվող ՆԱՏՕ-ի ուժերը վերահսկողությունը կհանձնեն տեղական ուժերին»,- ասել է Բաբանովը:

Սակայն եթե դա տեղի չունենա, ըստ Բաբանովի, «հետագայում կենտրոնի հարցը քննարկվելու է ՀԱՊԿ երկրների շրջանակներում»:

Պենտագտոնի ավիացիոն բազան «Մանասում» տեղակայվել է 2001թ. թվականին, եւ տեխնիկայի ու զինծառայողների տարանցման առանցքային կետերից է: