ԱՄՆ-ում հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորք-Լոս Անջելես չվերթի օդանավը` ուղեւորներից մեկի սարքած ծեծկռտուքի պատճառով: Associated Press-ը պարզել է վերջինիս ինքնությունը, նա Լոնգ Այլենդի հայազգի բնակիչ Վարուժան Խոջամիրյանն է: Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին:
Անսթափ վիճակում գտնվող Խոջամիրյանն իսկական ճակատամարտ է սարքել օդանավի սրահում, գոռացել է իր հարեւանությամբ նստած ուղեւորների վրա, ոտքով խփել նստատեղերին, ապա նաեւ հարվածել օդանավի ուղեկցորդներից մեկին, ով փորձում էր կարգի հրավիրել իրեն: «Ես կսպանեմ քո երեխաներին, քո մորը, կմորթեմ քեզ»,- ուղեկցորդին ասել է Խոջամիրյանը եւ հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել:
Թիվ 21 չվերթի օդանավի անձնակազմը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Դենվերի միջազգային օդանավակայանում, որտեղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են Խոջամիրյանին եւ մեղադրանք առաջադրել: Ի դեպ, Boeing 767-200 ինքնաթիռում 160 ուղեւոր է եղել:
Գործակալությունը հայտնում է, որ Վարդան Խոջամիրյանին 20 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլարի տուգանք է սպառնում:
Նշվում է, որ թեեւ օդանավում նա հայհոյել է անգլերենով, սակայն հարցաքննության ընթացքում ռուսերենի թարգմանիչ է պահանջել:




























