Վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չի կրկնվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ սեփականատեր Արեգ Ղուկասյանը:
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, եթե հանկարծ լինի, Հայաստանից շատ բան կախված չի լինելու, եւ այն անպայմանորեն կհասնի Հայաստան: Ուղղակի հույս ունեմ, որ ճգնաժամը չի կրկնվի, եւ աշխարհի մեծ երկրներն այնքան խելոք եւ խոհեմ կգտնվեն, որ այնպես կանեն, որ այն պարզապես չկրկնվի»,- նշեց պատգամավորը եւ հավելեց. «Իսկ եթե Աստված չանի, կրկնվի, իհարկե այն հասնելու է աշխարհի բոլոր անկյունները»:
Հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանի կառավարությունը դիմագրավել նոր ճգնաժամին, հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Հայաստանի կառավարությունը մեկ անգամ ապացուցել է, որ ճգնաժամային պայմաններում կարողանում է գործուն եւ ճիշտ քայլեր կատարել»:
Նշենք, որ Եվրոպայում վերջին շրջանում սրվել են պարտքային հիմնախնդիրները, եւ այդ համատեքստում վերլուծաբանները նշում են ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականության մասին:
Հայաստանում ճգնաժամը սկսվեց 2009թ. եւ 14, 5 տնտեսական անկում է արձանագրվել:




























