ԼՂՀ Մատաղիսի զորամասում, հոկտեմբերի 12-ին մահացած զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Ներսիսյանի գործով կալանավորվել է մեկ զինվոր:

Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 12-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գեւորգի Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության հատկանիշներով հոկտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Գրիգորի Մնացականյանին: Ըստ հաղորդագրության, առաջադրված մեղադրանքում Ռ. Մնացականյանը իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Ռ.Մնացականյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, պաշտոնական վարկածով, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը: