Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները չի կարելի ձախողված համարել: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյանը:
Անդրադառնալով նման խոսակցություններին` Թադեւոսյանն ասել է. «Նման հայտարարություն անողները ձախողման մեջ կարող են դնել այն իրողությունները, որոնք կատարում են հենց այս իշխանությունները: Մեր աշխատանքները կատարվում են չափազանց բարձր մակարդակով, իսկ իշխանություններն ամեն ինչ անում են ձախողումների համար: Ձախողված են այս իշխանությունները եւ նրանց բոլոր գործողությունները»,- նշել է Զոյա Թադեւոսյանը` միաժամանակ ընդունելով, որ որոշակի դժգոհություն ժողովուրդն ունի նաեւ ՀԱԿ-ից, քանի որ սրացում են պահանջում: «Բոլոր օբյեկտիվ պայմանները կան, որ հասարակությունը դժգոհի: Հասարակությունն ուզում է իշխանափոխություն: Եթե իշխանությունները լայնախոհ լինեն եւ գնան արտահերթ ընտրությունների, ապա բախումներ չեն լինի»:
ՀԱԿ անդամը նաեւ խոսել է հոկտեմբերի 28-ի հանրահավաքի մասին եւ ընդգծել, որ այդ օրը խոսք է գնալու նախագահի հրաժարականը պահանջող կոնկրետ հայտարարությունների մասին: «Եթե նա չի տալիս հրաժարական եւ որոշել է երկիրը վերջնականապես տանել կործանման, թող հասարակությունը որոշի` ինչ անել»,- նշել է նա:
Ասուլիսի մյուս բանախոս, հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, թե դժգոհ մասի պահանջը դեռ ողջ հասարակության պահանջը չէ: «Ինչո՞ւ պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյանը , եթե դա պահանջողները չնչին տոկոս են կազմում: Ոչ ոք չի ասում, թե չկան թերություններ: Նույն եվրոպական տարածքում էլ կան թերություններ»,- նկատել է նա:




























