Հայաստանի կառավարությունը քննարկում է հարկային փոփոխությունների նոր փաթեթը, որն, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին կուղարկվի խորհրդարան: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիլյանը: Նրա խոսքով` քննարկվում են ինչպես հարկային բեռի մեծացման, այնպես էլ ստվերի կրճատման հաշվին հարկային հավաքագրումների ավելացման հնարավորությունները:

Մասնավորապես` նախատեսվում է ակցիզային դրույքների վերանայում: Քանի որ որոշ ակցիզներ հաստատագրված վճարների տեսքով են եղել, գների բարձրացումից հետո կարիք կա դրանք վերանայել: «Օրինակ` կան ապրանքներ, որոնց գինը 100 միավոր էր, իսկ ակցիզը` 10 դրամ: Հիմա գինը բարձրացել է 180 դրամ, բայց ակցիզը նույն 10 դրամն է մնացել: Եթե այդ ակցիզը բարձրացնենք, դա հարկի բարձրացում չէ, այլ ճշգրտում»,- ասաց Վ. Գաբրիելյանը:

Բացի այդ, նախարարի խոսքով, ԱԺ-ում շրջանառության մեջ է գտնվում հանքարդյունաբերության մեջ հարկային ռեժիմի փոփոխության վերաբերյալ օրինագիծ, որը նույնպես կարելի է հարկային նոր փաթեթի մաս համարել: Դրանով ճշգրտվում է ռոյալթիների ռեժիմը, որը ոչ միայն բյուջեի համար կապահովի եկամուտների աճ, այլեւ կխրախուսի օտարերկրյա ներդրումների մուտքը: