Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով կարգապահական տույժի է ենթարկվել զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը: Համաձայն նշանակված կարգապահական վարույթի` Ա. Մարգարյանը, հանդիսանալով պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնական անձ, դրսեւորել է դատախազին ոչ վայել եւ անարդարացի վարքագիծ եւ խախտել օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Մարգարյանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի (Հավասարությունը օրենքի եւ դատարանի առջեւ) 1-ին եւ 2-րդ մասերի, 17-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ (Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.), 4-րդ (մարդու եւ քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը) եւ 9-րդ (դատախազի մասնագիտական վարքագծի կանոն՟ները պահպանելը) կետերի, ՀՀ գլխավոր դատախազի «Դատախազի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» N 17 հրամանով հաստատված կանոնագրքի 2.1 կետի «ա», «բ», «գ», «դ», «զ» եւ «թ» ենթակետերի, 4.1, 4.3, 4.4 եւ 4.6 կետերի պահանջները եւ նրա նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի կարգապահական տույժ: