Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 18-ին, ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեյին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով, որ  վերջին տարիներին երկու երկրների միջեւ հարաբերությունները կանոնավոր զարգացում են ապրում, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է երկու ժողովուրդների շահերից բխող այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու: «Մենք բարձր ենք գնահատում «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության տարած հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: Այդ առիթով, խնդրում եմ, շնորհավորանքներս փոխանցել նախագահ Կոմորովսկիին եւ վարչապետ Տուսկին: Պարոն նախագահի հետ այս տարի հանգամանորեն խոսել ենք մեր հարաբերությունների ապագայի մասին: Իսկ վարչապետ Տուսկի հետ վերջերս առիթ ունեցանք շփվելու Վարշավայում կայացած ԵՄ արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ»,-ասել է Սերժ Սարգսյանը` նկատելով, որ երկկողմ շփումների հաճախականությունը եւ արդյունավետ քննարկումները նոր դինամիկա եւ բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության քարտուղարի հետ ունեցած քննարկումներն ու փոխայցելությունները համարել է արդյունավետ` նշելով, որ ձեռք են բերվել համագործակցության շատ որոշակի պայմանավորվածություններ: «Նախագահ Կոմորովսկին, ինչպես եւ Դուք`  շատ բարձր է գնահատում հայ-լեհական սերտ հարաբերությունները եւ խնդրել է եւս մեկ անգամ  իր   շնորհակալությունը փոխանցել Լեհաստանում կազմակերպված ԵՄ գագաթնաժողովին մասնակցության համար»,-ասել է Ստանիսլավ Կոզեյը եւ ընդգծել, որ իր երկիրը պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում` հնարավորինս օժանդակելով Հայաստանի բարեփոխումներին: