Եվրամիությունը որոշել է հետաձգել Ուկրաինայի նախագահի հոկտեմբերի 20-ին Բրյուսելում նշանակված այցը, հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Կարող եմ հաստատել, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուելա Բարոզուի հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ առավել բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ երկողմ հարաբերությունների առաջընթացին հասնելու համար»,- ասել է նա:.

Կոսյանչիչի խոսքով` հանդիպումը ոչ թե չեղյալ է համարվել, այլ տեղի կունենա ավելի ուշ:

Ավելի վաղ AFP-ն հայտնել էր Յանուկովիչի այցը հետաձգման մասին` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Ուկրաինական իշխանությունները եվրոինտեգրումը հայտարարել էին Ուկրաինայի ռազմավարական նպատակ: Երկիրը Բրյուսելի հետ բանակցություններ է վարում վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ, մինչեւ 2011թ. վերջը սպասվում է ԵՄ-ի հետ ասոցիացիայի մասին համաձայնագրի ստորագրում, որի մի մասն էլ վերաբերում էր  ազատ առեւտրային  գոտու դիրքորոշմանը:

Ուկրաինայի նախագահի այցի հետաձգման հարցը ծագեց Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ Կիեւի դատարանի ընդունած դատավճռից հետո, ինչը խիստ քննադատության ենթարկվեց ԵՄ-ի կողմից:

Սպասվում էր, որ Ուկրաինայի Հանրապետության նախագահն այցի ընթացքում հանդիպումներ կունենա Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Հերման վան Ռոմպեի եւ Ժոզե Մանուելա Բարոզուի հետ: Կողմերը պետք է քննարկեին Ուկրաինայի եւ ԵՄ-ի ապագա ասոցիացիայի պայմանագրի մանրամասները, որը ուկրաինական իշխանությունները  հույս ունեն ստորագրել դեկտեմբերի վերջին Բելգիայի մայրաքաղաքում կայանալիք Ուկրաինա – ԵՄ գագաթաժողովի ընթացքում: