The Wall Street Journal-ը հրատարակել է ՌԴ պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի վերլուծական հոդվածը, ով ներկայումս «սեփական անվտանգության նկատառումներով ապրում է Միացյալ Նահանգներում»:
Պուտինի Կրեմլ վերադառնալու մտադրությունը, ըստ Եղիազարյանի, ցույց է տալիս, որ Ռուսաստանը դեռեւս ընդունակ չէ փոխել իր կառավարման մոդելը եւ այս պահին գտնվում է կենտրոնացման վերին մակարդակում, անարդյունավետ կառավարվող պետություն է` թույլ ինստիտուտներով, առանց ժողովրդի ներկայացուցիչների եւ քաղաքացիական թերզարգացած հասարակությամբ: Ըստ նրա` կոռուպցիան միայն առավել խոշոր խնդրի` օրենքի հանդեպ ունեցած հարգանքի բացակայության ախտանիշն է:
Եղիազարյանի կարծիքով, «այսպես կոչված ժողովրդավարները, որոնք 1991թ.-ից հետո իշխանության եկան, մեծամասամբ խորհրդային համակարգին ընդդիմացողների թվին չէին պատկանում, ավելի շուտ շահառուներ էին, ովքեր Խորհրդային Միության կործանումից հետո հնարավորություն ստացան փոխել իրենց հին գվարդիային»:
Հոդվածում նաեւ նշված է, որ չնայած արտաքին բարեկեցությանը, իշխող էլիտան զգում է, որ Ռուսաստանը վտանգավոր ճանապարհով է ընթանում: Էներգակիրների արտահանման պահպանման հետ կապված` ռուս ղեկավարներն անհանգստանալու բոլոր հիմքերն ունեն պուտինյան նախագահության սպասվող 6 տարիների առիթով:
Ըստ Եղիազարյանի, «իրական, այլ ոչ թե արտաքնապես արդիականացման համար փոփոխություններ են անհրաժեշտ ռուսական քաղաքական համակարգում եւ օրինական ժողովրդավարական ինստիտուտների ստեղծում, այլ ոչ թե նմանակում: Այդ կարգի փոխակերպումը չի կարող վերեւների նախաձեռնությունը լինել: Այն պետք է ներքեւից վերեւ գնա: Հարցն այն է, թե արդյոք ռուսական հասարակությունն այդքան ուժ եւ կամք կունենա իր հնարավորությունից օգտվելու համար, քանի դեռ պուտինիզմը շարունակվում է»:


























