Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, հայտարարություն է տարածել.

«Ազգային առաջընթաց կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ։ Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։

Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։

Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ-ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին:

Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ պետք է հեռանա թե Երևանի թե ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։

«Մայր Հայաստանը» հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։

«Հանրային ձայնը» ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։

Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։

Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»։