Ոստիկանության կողմից վնասազերծված եւ մի շարք պաշտոնյանների բնակարանների գողությունների մեջ մեղադրվող բանդայի անդամների մոտ գողոնը մինչ օրս չի հայտնաբերվել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու համար եւ նախաքննական մարմինն անում է դատավարական բոլոր միջոցառումները:
Ինչ վերաբերում է բանդայի անդամների հետ առերեսմանը, ապա ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը NEWS.am-ին պատմել էր, որ առերեսվել է բանդայի անդամ, իր տունը թալանած Դավիթ Գալստյանի հետ եւ նա ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե որտեղից է մտել տուն, ինչպես է կապել տանտերերին, որ բազմոցի մոտ, որտեղից է վերցրել գումարը եւ այլն:
Նապոլեոն Ազիզյանի տան թալանից առաջ եւս երկու նմանատիպ դեպք էր պատահել: Այս տարվա հունիսին դիմակավորված անձինք ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա: Նմանօրինակ հարձակում կատարվել էր նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աղվան Գրիգորյանը նշել էր, որ չի առերեսվել բանդայի անդամների հետ, ոչ նրանց են իրենց տուն բերել, ոչ էլ իրեն են հրավիրել ոստիկանություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:




























