Ֆինանսների նախարարության հրապարակումների համաձայն` հարկային եկամուտների պլանն այս տարի ամբողջությամբ կատարվում է: Այս տարի պլանավորված էր հավաքել 650 մլրդ դրամ հարկեր, ու հավանաբար հենց այդքան էլ կհավաքվի: Ֆորմալ առումով հարկային պլանը կկատարվի, բայց բովանդակային առումով` ոչ:
Իրականում հարկերը ավելի շատ պետք է լինեին: Բանն այն է, որ ՀՆԱ-ն ավելի մեծ է ստացվում, քան նախապես ենթադրվում էր (գների, ոչ թե տնտեսական աճի պատճառով): Այսինքն` հարկային եկամուտները պետք է աճեին գների աճին զուգահեռ, ինչը տեղի չի ունենում; Արդյունքում` հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը վատանում է: Այսպես` 2011 թ. պետական բյուջեի օրենքի հիմքում ընկած մակրոտնտեսական կանխատեսումների համաձայն`հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կազմեր 17.27 տոկոս: Իրականում սպասվում է, որ այն հազիվհազ կկազմի 16.8 տոկոս: Մակրոտնտեսական մասշտաբով սա շատ մեծ թերակատարում է, փաստացի վկայում է, որ հարկային քաղաքականությունն արդյունավետ չի եղել (էլաստիկությունը ցածր է 0-ից):
2012 թ. բյուջեի նախագծում պլանավորվել է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կազմի 17.4 տոկոս, որն ինքնին բարձր ցուցանիշ չէ, սակայն կառավարության նիստում հարուցեց պետեկամուտների կոմիտեի պետի անթաքույց դժգոհությունը: Նկատենք, որ կառավարության միջինժամկետ ծախսային ծրագրում եւ 2011 թ., եւ 2012 թ. համար շատ ավելի բարձր ցուցանիշներ էին պլանավորված (հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է գերազանցեր 18 տոկոսը):




























