Համաշխարհային տնտեսության ներկա իրավիճակը ֆինանսական կայունության տեսանկյունից գնահատելը շատ բարդ է, նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թ. առաջին կիսամյակի Ֆինանսական կայունության հաշվետվությունում: Առաջին հայացքից թվում է, թե իրավիճակը հիմնականում կարգավորվել է, սակայն գոյություն ունեցող տնտեսական անհավասարակշռությունները շարունակում են խորանալ:

Զգալի տարբերություն կա զարգացող ու զարգացած երկրների տնտեսական աճի մակարդակների միջեւ. զարգացող երկրները բախվում են տնտեսությունների գերտաքացման, իսկ զարգացած երկրները` տնտեսական աճի կրճատման ռիսկերի: Խորանում են  նաեւ տարբերությունները եվրոպական երկրների միջեւ` տարբեր են տնտեսական պայմանները, իրադարձությունների զարգացման ուղղությունները, քաղաքականություն իրականացնող մարմինների առջեւ դրված խնդիրները:

2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում համաշխարհային տնտեսական աճը տարեսկզբի կանխատեսումների համեմատ զգալի դանդաղել է: Կիսամյակի ընթացքում տնտեսական աճի դանդաղման հիմնական պատճառներ են հանդիսացել զարգացած երկրներում առկա կառուցվածքային հիմնախնդիրները. պետական եւ մասնավոր հատվածների պարտքի բեռի մեծ ծավալները ԱՄՆ-ում եւ Եվրոգոտու մի շարք երկրներում, անշարժ գույքի շուկայի դանդաղ վերականգնումը, գործազրկության կայուն բարձր մակարդակը` հատկապես ԱՄՆ-ում, եւ միջազգային անհավասարակշռությունների պահպանումը: 

Համաձայն ԱՄՀ գնահատումների՝ համաշխարհային տնտեսության աճը առաջին կիսամյակում կազմել է 4.3%, իսկ 2011-2012 թթ. կանխատեսվում է համապատասխանաբար 4.0-ական տնտեսական աճ: Ընդ որում` տնտեսական աճի առավել բարձր տեմպեր ակնկալվում են զարգացող տնտեսությամբ երկրներում (6.4%), իսկ զարգացած երկրների տնտեսական աճը կկազմի 1.6%: