Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ում, այսօր` հոկտեմբերի 19-ի կեսգիշերին մոտ, տեղի է ունեցել խոշոր ավտովթար, կան զոհեր:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՈՒԱԶ» մակնիշի 35 ԼՍ 972 համարանիշի, «ՎԱԶ-2106» մակնիշի 24 ՏԼ 232 համարանիշի եւ «ԳԱԶ-24» մակնիշի 67 ԼԼ 042 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդ, 32-ամյա Մհեր Օհանյանը եւ ուղեւորներ` 22-ամյա Արկադի Թադեւոսյանը, 25-ամյա Արա Թադեւոսյանը, 45-ամյա Կարեն Բադալյանը տեղում մահացել են:
«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Մ. Զարոյանը, ուղեւորներ` 21-ամյա Սամվել Ենուկյանը, 26-ամյա Դավիթ Գասպարյանը եւ 27-ամյա Սարգիս Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց, որտեղ Սարգիս Պողոսյանը մահացել է:
«ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 23-ամյա Ոսկան Բադալյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ հրաժարվել շտապօգնության բժիշկների օգնությունից:
Մ. Զարոյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Սամվել Ենուկյանինը եւ Դավիթ Գասպարյանինը` բավարար:































