Համաշխարհային տնտեսական ժգնաժամի երկրորդ ալիքը լիովին հավանական է: Այդ մասին, հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Ես այն մարդկանցից եմ, ովքեր հետեւելով վերլուծություններին կամ փաստերին, որ տեղի են ունենում համաշխարհային շուկայում, հակված են կարծելու, որ բոլոր դեպքերում լինելու է դա: Այսինքն երկրորդ փուլը խորանալու է»,- նշել է Վահագն Խաչատրյանը եւ հավելել. «Արդեն Ֆրանսիայի վարկանիշային գնահատականներն են ուզում փոխել: Սա նշանակում է, որ այսպես թե այնպես ողջ եվրագոտին դրա մեջ ներառվելու է: Իսկ քանի որ դա ազդելու է եվրագոտու վրա, ազդելու է նաեւ Հայաստանի վրա: Քանի որ Եվրոպայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը բավական զգալի է: Մենք չենք կարող, ցավոք, զերծ մնալ դրա ազդեցությունից»:
Ըստ Վահագն Խաչատրյանի, ճգնաժամը կազդի նաեւ Ռուսաստանի վրա, իսկ «մենք Ռուսաստանի տնտեսությունից ուղղակի եւ անուղղակի ձեւով ենք կախված»:
«Մենք պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք: Անընդհատ դրա մասին խոսելն օգուտ չի տա, սակայն պատրաստ լինել պետք է»,- ամփոփեց տնտեսագետը:




























