«Սեւան» հյուրանոցի կառուցումը կհասնի իր տրամաբանական ավարտին, այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա հիշեցրեց, որ հյուրանոցը 1996 թ. վաճառվել է «Կարուսել Իստաբլիշմենթ» ընկերությանը, որը պատկանում է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին:
Թեեւ գնորդը պարտավորվել էր 5 տարվա ընթացքում կառուցել հյուրանոցը` այն մինչ այժմ կիսաքանդ վիճակում է: Ի դեպ` պետական գույքի կառավարման նախկին նախարար Դավիթ Վարդանյանն այս գործարքը համարել էր Հայաստանի պատմության մեջ ամենաանհաջողներից մեկը: Մամուլում տեղեկություններ են հրապարակվելմ այն մասին, որ հյուրանոցի կառուցումը ձգձգվում է Վաչե Մանուկյանի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տարաձայնությունների պատճառով:
Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Երեւան այցելած Վաչե Մանուկյանը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել է նաեւ այդ հյուրանոցի հետագա ճակատագրի հարցը: Ըստ երեւույթին` Վ. Մանուկյանը ցանկանում է ոչ թե հյուրանոց կառուցել, այլ մշակութային կամ բիզնես կենտրոն, սակայն նախագիծը վերջնականապես չի համաձայնեցրել քաղաքային իշխանությունների հետ:




























