Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունը Հայաստան է ժամանել 2012-2015թթ. իր ռազմավարության մշակման նպատակով:

Այսօր` հոկտեմբերի 19-ին, նրանց ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ՎԶԵԲ-ի պատվիրակության այցը Հայաստան գնահատել է իբրեւ մեր երկրի հետ համագործակցության զարգացմանն ուղղված քայլ եւ բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում: Նշելով, որ  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը ձեւավորվել է դեռեւս Հայաստանի անկախացումից ի վեր, եւ տարեցտարի փոխգործակցության շրջանակներն ընդլայնվում են, Սերժ Սարգսյանը խրախուսելի է համարել բանկի մասնակցությունը Հայաստանի տնտեսության համար կարեւոր ու հեռանկարային ցանկացած ծրագրի: Նախագահի հավաստմամբ, այդ արդյունավետ համագործակցությունը բերում է նաեւ վստահության մեծացման եւ նպաստում մեր երկիր արտաքին ներդրումների հոսքին:

Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները նշել են, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել` մեր երկրի համար 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման նպատակով, քննարկելու համագործակցության առաջնահերթությունները, ծանոթանալու Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակին ու բանկի ընթացիկ ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի կառավարությունն զգալի աշխատանք է իրականացրել երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Նրանք կարեւորել են հատկապես տեսչական բարեփոխումների, հարկային օրենսդրության բարեփոխման եւ մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ որոշ ոլորտներում դեռեւս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, եւ ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել դրանց լուծմանը:

Հանրապետության ղեկավարի հետ Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ոլորտները: