Գյումրիում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Տերյան փողոցում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Վթարվել է 5 ավտոմեքենա, տուժածների եւ վիրավորների մասին չի հաղորդվում:

Նախնական տվյալների համաձայն, հիմնական պատճառը եղել է զինծառայողներ տեղափոխող «ՈՒՐԱԼ» մակնիշի մեքենան, որը  չի հասցրել արգելակել եւ բախվել է ավտոտեխսպասարկման դիմաց կայանած մեքենաներին: Սկզբում հարվածել է «ՎԱԶ 24» մակնիշի մեքենային, որի հետեւանքով ուժգին  հարվածից մոտ տասը մետր մեքենան առաջ է գլորվել: Այնուհետեւ «ՈՒՐԱԼ»-ը բախվել է նաեւ մյուս մեքենաներին:

«ՎԱԶ-24»-ի վարորդի մեկնաբանմամբ, ինքը գտնվել է վթարի պահին ավտոտեխսպասարկման վայրում: «Լավ է, որ մեքենայի մեջ չէի, թե չէ կխփեր ինձ էլ կտաներ: Հենց իմ կողմին է հարվածել: Ուժեղ ձայներ լսեցի, դուրս եկա, տեսա մեքենաս 10 մետր հեռու է շպրտել, անիվը հանած էր, տարել էի նորոգելու»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է տուժած մեքենայի վարորդը:

Դեպքի վայրում աշխատել են ինչպես ճանապարհային ոստիկանները, այնպես էլ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: Դեպքի վայր այդպես էլ չեն ժամանել ապահովագրական ընկերությունների տեղի պատասխանատուները:

«ՈւՐԱԼ» մակնիշի մեքենայում գտնվող զինծառայողները բարեբախտաբար չեն տուժել, վնասը միայն նյութական է եղել, իսկ հարցը լուծվել է ներքին կարգով, դեպքի վերաբերյալ պարզաբանումներ տալ հրաժարվել են ինչպես տեղում աշխատող ճանապարհային ոստիկանները, այնպես էլ ռազմական ոստիկանության աշխատակիցները: