Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին  մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 19-ին, հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

ԵԽ գլխավոր քարտուղարը նախ շնորհավորել է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի եւ Հայաստանի ԵԽ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան- Եվրախորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին վերջին բանաձեւին, որով ողջունվում է սերտ եւ կառուցողական համագործակցությունը: Ա. Գեւորգյանը նշել է, որ հետագա բարեփոխումների համար ԵԽ առաջարկները կարեւոր նշանակություն ունեն: Առաջիկա ընտրություններին ընդառաջ` արդեն իրականացվել են մի շարք քայլեր` լրացումներ են կատարվել Ընտրական օրենսգրքում, վերանայվել են հավաքների, մամուլի ազատության վերաբերյալ օրենքները: Այս ամենի նպատակն է ապահովել  ազատ եւ բաց նախընտրական մթնոլորտ, խթանել բազմակուսակցական մրցակցությունը` հասարակության մոտ բարձրացնելով ընթացող քաղաքական գործընթացների հանդեպ վստահությունը:

Կողմերը կարեւորել են Հայաստան- Եվրախորհուրդ գործակցությունը բոլոր  ուղղություններով զարգացնելու անհրաժեշտությունը: Ա. Գեւորգյանը նկատել է, որ դրան է ուղղված ԵԽ-ի հետ  2011-2014թթ. երկրի առաջնայնությունների փաստաթղթի նախագիծը: Նա հույս է հայտնել, որ փաստաթուղթը մոտակա ժամանակահատվածում  կվերջնականացվի` հնարավորություն տալով սկսել իրականացման բուն գործընթացը: