Թերթը գրում է, որ մինչ առաջիկա օրերին կհստակեցվեն Հանրապետական (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերությունները, իշխանական վերնախավում քննարկվում են այն զարգացումները, որոնք կարող են տեղի ունենալ, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից:
«Ըստ ամենահավանական համարվող վարկածներից մեկի` ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու քայլին կհետեւեն մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ: Իշխանական կուլիսներում քննարկվող այդ սցենարի համաձայն, մասնավորապես, առաջին հերթին «հրաժարական» կտա Հովիկ Աբրահամյանը, պաշտոնանկ կարվի կամ սեփական դիմումի համաձայն պաշտոնից կազատվի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ինչպես նաեւ` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով կտեղափոխվի այլ աշխատանքի, ամենայն հավանականությամբ` Ռուսաստանում»,- գրում է «168 ժամ»-ը:




























