ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ ռուսական նավթի գների սահմանափակումները «Մեծ յոթնյակի» նախաձեռնությամբ՝ «կտրուկ իջեցրել են ռուսական եկամուտները վերջին տասն ամսում։
Նրա խոսքով՝ էներգակիրների համաշխարհային գները չեն փոխվել, մինչդեռ Ռուսաստանն ստիպված է եղել նավթ վաճառել զգալի զեղչով, տեղեկացրել է Reuters-ը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր աջակցությունն Ուկրաինային ընդհատվի»,- ասել է նա։ «Բայդենի վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական մեծամասնության եւ ամերիկացի ժողովրդի աջակցությամբ կաշխատի, որպեսզի Ուկրաինան ստանա այս պատերազմում հաղթանակի հասնելուն անհրաժեշտ օգնություն»։
Յելենը, ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ամենամյա հանդիպումներում (Մարակեշ), հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը կշարունակի աշխատել Ուկրաինայում ռուսական պատերազմի հետեւանքները մեղմելու ուղղությամբ՝ միաժամանակ աշխատելով գլոբալ միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի Ռուսաստանը զրկվի պատերազմը շարունակելուն անհրաժեշտ ֆինանսավորումից։




























