Ռուսաստանը մասնատելու Արևմուտքի երազանքի իրականացումը Եվրասիան ներքաշելու է «հրեշավոր էթնո-դավանական հակամարտության մեջ», - ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
«Միացյալ Նահանգները և յոթնյակի մյուս անդամները, ինչպես նաև Եվրամիությունը ակտիվորեն աշխատում են Ռուսաստանի դեմ: Մասնավորապես, ֆինանսավորվում են Արևմուտքում արմատացած էթնոանջատողական ահաբեկչական կառույցները և բացահայտորեն կոչ են անում խարխլել ռուսական պետականությունը և խախտել նրա տարածքային ամբողջականությունը։
Դրանց թվում են «Հետռուսաստանյան ազատ ժողովուրդների ֆորումը», «Ազատ ազգերի լիգան», - ասել է Նարիշկինը Բաքվում ելույթ ունենալով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստում։
Նրա խոսքով, այսպես կոչված ապագաղութացման կարգախոսների հետևում թաքնվելով` այդ ասոցիացիաները պահանջում են Ռուսաստանը մասնատել մի քանի տասնյակ քվազիպետական սուբյեկտների, և դա արվում է նույնիսկ Եվրախորհրդարանի ամբիոնից եվրատլանտյան դիվանագիտական եւ գիտական հանրույթների ծափերի ներքո:
«Ցանկացած ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ նման կիմերիկական նկրտումների իրականացումը կհանգեցնի Եվրասիայի հրեշավոր էթնո-դավանական հակամարտության մեջ ընկղմմանը։ Իհարկե, դա հասկանում են նաև Վաշինգտոնի և Լոնդոնի աշխարհաքաղաքական վարպետները, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքանով են տարված Եվրասիական մայրցամաքը «հրդեհելու» գաղափարով»։




























