Այն շինարարական աշխատանքները, որ իրականացվում եւ իրականացվելու են Թռչկանի ջրվեժի մոտ, որեւէ կերպ չեն խանգարում Թռչկանի ջրվեժի բնականոն գործունեությանը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով` կառուցվող փոքր ՀԷԿ-ի շահագործման ընթացքում կկիրառվեն մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես` ամառային ամիսներին ՀԷԿ-ը չի շահագործվի, իսկ մյուս ամիսներին ջուր կվերցվի միայն այն դեպքում, երբ հոսքը գերազանցի 400-500 լիտր/վայրկյանը:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը բնապահպանության նախարարից խնդրեց սույն սահմանափակումների վերաբերյալ պայմանավորվածությունները գրավոր ներկայացնել հանձնաժողովին, որն էլ տրամադրում է լիցենզիան: Ըստ Ռ. Նազարյանի` եթե սույն սահմանափակումները չներառվեն լիցենզիայի պայմանագրում, ապա հնարավոր չի լինի վերահսկել դրանց իրականացումը:
Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժը գտնվում է Չիչխան գետի վրա, Շիրակի եւ Լոռիի մարզերի սահմանին: «Ռոբշին» ՍՊԸ-ն լիցենզիա է ստացել գետի վրա 1050 կՎտ դրվածքային հզորությամբ հէկ կառուցելու համար:
Բնապահպանները գտնում են, որ ՀԷԿ-ի կառուցումը կփոխի գետի հունը եւ զգալի վնաս կհասցնի ջրվեժին եւ տարածքի կենսաբազմազանությանը:




























