Բագրատաշեն-Այրում ճանապարհին սողանքի հետեւանքով մահացածների ընտանիքներին կտրամադրվի 1-ական մլն դրամ: Նման որոշում ընդունվեց այսօրվա` հոկտեմբերի 20-ի կառավարության նիստում, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ներկայացմամբ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 2-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի շուրջ 35 մեքենաներ, 7 քաղաքացի ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք, 5 մարդ մահացել է:
Ընդհանուր առմամբ` սողանքի գոտու հետեւանքների վերացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 65 մլն դրամ:




























