Եթե բանակում ծառայեն բոլորն առանց բացառության, այդ թվում նաեւ օլիգարխների ու նախարարների երեխաները, բանակը հաշված ամիսների ընթացքում բացարձակապես այլ կդառնա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Ու թող անուղեղ սերիալների փոխարեն հեռուստատեսությամբ ցուցադրեն, որ ծառայում է նաեւ նախարարի որդին եւ ծառայում  բոլորի հետ հավասար: Այդ դեպքում, նաեւ հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ կփոխվի: Մարդիկ կդադարեն մտածել, որ կա ընտրյալների մի խավ, որի փոխարեն պետք է ծառայել մյուսները: Իսկ ես, որպես հայր, կարող եմ ցանկացած ժամանակ այցելել զորամաս եւ ծանոթանալ իր որդու ծառայության պայմաններին: Զորամասը պետք է բաց լինի հասարակության համար, այդ թվում լրագրողների: Անբարեխիղճ սպաները եւ գեներալները, ինչու ոչ, պետք է վախենան լրագրողներից: Պետք է իմանան, որ իր զորամասի համար գլխով է պատասխանատու:  Ու եթե զորամասում շարքային զինվորին հասցնում են ինքնասպանության, նկատողությամբ հարցը չպետք է ավարտվի»,- ասել է Բլեյանը:

Իսկ ահա գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով, թեկնածուական դիսերտացիայի առիթով զինծառայությունից տարկետումը, ապա նաեւ ծառայությունից  ազատումը վնասում են թե բանակին, թե գիտությանը: ««Առաջանում է ճեղք, որի միջոցով հնարավոր է ազատվել ծառայությունից, որը պարտադիր է բոլորի համար: Իսկ նրանք, ովքեր ազատվել են բանակից եւ 22-23 տարեկանում գիտությունների թեկնածու են դարձել, ի՞նչ օգուտ են տալիս գիտությանը, հատկապես, որ նրանց թեզերը գրում են ուրիշները»,- ասել է Գասպարյանը:

Աշոտ բլեյանն էլ առաջարկում է կրճատել զինծառայության ժամկետը: «Ինչո՞ւ մենք չենք կարող ասել, որ երկու տարին շատ երկար է ծառայության համար: Պատանուն երկու տարով կտրում են իրականությունից, ապա հետ նետում հսարակություն, բացարձակապես չանհանգստանալով, թե ինչ մասնագիտություն է մարդն ստանալու եւ ինչով է զբաղվելու»,- ասել է նա, հավելելով, որ մեկ տարին պարտադիր զինծառայության համար լրիվ բավարար է: