Ի տարբերություն ղարաբաղյան խնդի, Ֆիլիպիններում ներքին կոնֆլիկտների քննարկումը ազատ է արգելքներից: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ներկայացնելով Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների այցը Ֆիլիպիններ, Արեւելյան Թիմոր եւ Ինդոնեզիա:

Ֆիլիպիններում խումբն ուսումնասիրել է պետական ուժերի եւ Մինդանաո կղզու (միակ տարածքն է կաթոլիկ Ֆիլիպիններում, որտեղ բնակչության գերակշիռ մասը մուսուլմաններ են) զինված խմբավորումների միջեւ:

«Հետաքրքրական է, որ Ֆիլիպիններում երկխոսությունը այդ հարցով բավականին ազատ է: Կարծիքների խայտաբղետությունն այնտեղ բավականին մեծ է, սկսած «մուսուլմանների հերն անիծած, եկեք տանք նրանց այդ հողը եւ հարթենք կոնֆլիկտը», վերջացրած «մուսուլմանների հերն անիծած, եկեք բոլորին մորթենք եւ լուծենք կոնֆլիկտը»: Սակայն ինչ տեսակետներ որ հնչեն, դրանց հեղինակներին չեն պիտակավորում «հայրենիքի դավաճան»,- ասաց Իսկանդարյանը:

Եւս մեկ էական տարբերություն ղարաբաղյան հակամարտությունից, ըստ Իսկանդարյանի, նրանում է, որ կենտրոնական իշխանության եւ անջատողականների միջեւ առկա է բանակցային գործընթաց. «Ի տարբերություն Ադրբեջանի, Ֆիլիպինների ղեկավարությունը չի խուսափում բանակցություններից ապստամբների հետ, ընդորում որպես միջնորդ է հրավիրել հարեւան մուսուլմանական Մալայզիային: Բանակցությունները, սակայն, բավականին երկար են տեւում ու երբեմն ուղեկցվում են ռազմական գործողություններով»,- նշեց Իսկանդարյանը: