Թերթը գրում է, որ երեկ տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի տնօրինության եւ ազատման դիմում գրած 158 աշխատակիցների հանդիպումը, որի վերջում ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Մովսես Վարդանյանը սկսել է սպառնալ դիմումատուներին:
«ՀԱԷԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը եւս մասնակցել է հանդիպմանը: Նա փորձել է աշխատակիցներին համոզել, որ նրանք փոխեն իրենց մոտեցումը եւ առանց աշխատավարձի բարձրացման շարունակեն աշխատել: Երբ ակնհայտ է եղել, որ աշխատավարձի բարձրացում պահանջող դիմումատուները իրենց կարծիքը չեն փոխում, գլխավոր ճարտարագետը նրանց սպառնացել է, որ եթե հետ չվերցնեն իրենց դիմումները, ապա նրանց հարազատները ևս աշխատանքից կազատվեն: Սակայն, միեւնույն է, դիմումատուները որոշել են, որ իրենց պահանջներից չեն հրաժարվի: Ենթադրվում է, որ այսօր նրանք կհանձնեն իրենց անցագրերը ու կդադարեն ՀԱԷԿ աշխատակից լինել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:


























