Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանն այսօր` հոկտեմբերի 21-ին, ընդունել է Իտալիայի Սենատի պատվիրակությանը` ԵՄ քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդիին,  Կրիստիանո դե Եկերին եւ Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալբերտինա Սոլիանիին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, եւ Հայաստանը շահագրգռված է թե երկկողմ եւ թե բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ փոխգործակցության զարգացմամբ եւ ընդգծել խորհրդարանական ձեւաչափի կարեւոր նշանակությունը միջպետական համագործակցության զարգացման համար:

Իտալացի խորհրդարանականները նշել են, որ Հայաստան են ժամանել Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները քննարկելու, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով, եւ հավաստիացրել, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման գործին:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-իտալական հարաբերությունների առավել ամրապնդման, Հայաստան-ԵՄ համագործակցության,  տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ: