Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանում 2011թ. մարդահամարի անցկացման հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 21-ին ընդունել է ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի ժողովրդագրական ծրագրերի տնօրեն Օլիվեր Ֆիշերին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հանրապետությունում իրականացվող մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր: Օ. Ֆիշերը տեղեկացրել է, որ հետեւել է գործընթացին եւ տպավորված է ինչպես աշխատանքների բարձր կազմակերպվածությամբ, սահուն ընթացքով, այնպես էլ հաշվարարների պատրաստվածությամբ  եւ  պատասխանատու աշխատանքով: 

Անդրադարձ է եղել նաեւ մարդահամարի արդյունքների ամփոփման հարցերին:  Հյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան են ժամանելու ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի մասնագետներ, ովքեր կաջակցեն հայաստանցի գործընկերներին  այդ աշխատանքների կազմակերպման հարցերում:

Փոխվարչապետը կարեւորել է ամերիկյան կողմի օժանդակությունը գործընթացի  հաջորդ` արդյունքների ամփոփման փուլին: Նշելով, որ մարդահամարի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը վստահություն է ներշնչում շահագրգիռ կողմերին` Ա. Գեւորգյանը տեղեկացրել է, որ կառավարությունն աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների, տարբեր պետությունների հետ`  արդյունքների ամփոփման փուլի համար անհրաժեշտ միջոցների ներգրավման ուղղությամբ: