Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ իրանական կողմի հետ իրականացվող Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի ճանապարհաշինարարական խոշոր նախագծի իրականացումը մեծ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, մասնավորապես կարձանագրվի մոտ 0,4 տոկոսի դրական ազդեցություն ՀՆԱ-ի վրա։
«Ճանապարհի երթևեկության կրճատումը միայն նշված հատվածում թույլ կտա կոմպենսացնել 30 րոպե, ինչը պակաս կարևոր հանգամանք չէ զուտ տնտեսական հաշվարկների տեսանկյունից։ Երկկողմ և տարանցիկ երթևեկության բարելավման տեսակետից անշուշտ կարևոր է Հայաստանի և Իրանի միջև ճանապարհների վարձավճարների զրոյացմանն առնչվող պայմանավորվածությունը, հետևաբար մեր հանդիպումների ընթացքում կփորձենք քննարկել դետալներն ու հնարավորինս մոտեցնել այդ հարցով պայմանագրի ստորագրման ժամկետը։ Դրա կնքումը և ուժի մեջ մտնելն իսկապես անգնահատելի նշանակություն կունենա Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 10 տոկոսով։ Անցյալ տարի այն կազմել է 717 միլիոն դոլար։ Ըստ նրա՝ վերոհիշյալ ճանապարհային նախագիծն էապես օգնելու է, որպեսզի երկուստեք բեռնափոխադրումները բարելավվեն, իսկ ճանապարհային տուրքերի վերացումը հայաստանյան արտահանողներին հնարավորություն կտա անհամեմատ ավելի հեշտացված հասանելիություն ունենալ Պարսից ծոցի երկրների և մերձավորարևելյան այլ պետությունների շուկաներին։ Տվյալ նախագիծը շահեկանորեն կկրճատի ճանապարհի տևողությունն ու ծախսը, հնարավորություն կընձեռնի էապես դիվերսիֆիկացնել արտահանման ուղիները՝ ներառելով Հնդկաստանը, Չինաստանն ու Ինդոնեզիան, որոնք նույնպես շահագրգռված են տարանցիկ ճանապարհների անխափան շահագործմամբ։





























