Ադրբեջանի խորհրդարանի իշխանամետ պատգամավորները դեմ են Իլհամ Ալիեւի փոխարեն նոր նախագահ ընտրելուն, ավելին նրանք ոչ մի թեկնածու չեն տեսնում Իլհամ Ալիեւի պաշտոնի համար, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` անդրադառնալով Իլհամ Ալիեւի` «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցին:

Այսպես, «Անա վաթան» («Մայր հայրենիք») կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Ֆեզաիլ Աղամլըն գտնում է, որ ադրբեջանցիների մեծ մասը միանշանակ ցանկանում է քվեարկել Իլհամ Ալիեւի օգտին 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ: «Ես դրանում չեմ կասկածում, քանզի Իլհամ Ալիեւը ամենամեծ հեղինակությունն վայելող քաղաքական գործիչն է: Ես հույս ունեմ, որ Իլհամ Ալիեւը կառաջադրի իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում»,-ասել է պատգամավորը, նշում է թերթը:

Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Զահիդ Օրուջը հայտնել է, որ Իլհամ Ալիեւից բացի, ոչ մի այլ քաղաքական գործիչ չի կարող վարել ճիշտ քաղաքականություն: «Ես կարծում են, որ ներկայումս Իլհամ Ալիեւին ոչ ոք չի կարող փոխարինել: Այն, որ նա երրորդ անգամ կարող է դառնալ Ադրբեջանի նախագահ, շատ լավ է, քանզի դա հնարավորություն կընձեռի ղեկավարել երկրի առջեւ ծառացած գործընթացները»,- նշել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել էր, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Նա նաեւ նշել էր, որ դա կախված է այն բանից, թե արդյոք ժողովուդը կցանկանա օժանդակել իրեն առաջիկա ընտրությունների ժամանակ: Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը լուրջ քննարկումների տեղիք է տվել երկրում, մասնավորապես մի շարք կլանների միջեւ պայքար է սկսվել նախագահի պաշտոնի համար: Հավանական թեկնածուների շարքում է Մեհրիբան Ալիեւան, ինչպես նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը: