Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը  կգլխավորի Հայաստանի մշակույթի աջակցության հարցերով խորհուրդը: Այն գործում է որպես հասարակական կառույց եւ  աջակցելու է տաղանդավոր ստեղծագործողներին` նրանց հեռանկարային նախագծերի վրա ուշադրություն հրավիրելու եւ  ֆինանսավորում գտնելու նպատակով:

Խորհրդի կազմում ընդգրկվել են մշակույթի մի շարք գործիչներ` Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանը,  հոգեւոր երաժշտության կենտրոնի տնօրեն Մհեր Նավոյանը եւ այլք: Խորհրդին ներկայացվող նախագծերի քննարկմանը կհրավիրվեն նաեւ  փորձագետներ եւ արվեստի վարպետներ:

Խորհրդի գործունեությանն աջակցում է Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը, սակայն, ինչպես նշեց Ռ. Ամիրխանյանը, նախագիծը միայն կոնկրետ անձանց հովանավորչական աջակցության վրա չէ հիմնված: «Գրեթե բոլոր միջոցները կուղղվեն աշխատանքների կազմակերպմանը: Խորհրդի անդամներն աշխատելու են հասարակական հիմունքներով: Մենք պատրաստվում ենք կապեր հաստատել արտերկրի, հնարավոր է նաեւ` տեղական մշակութային հիմնադրամների  եւ հովանավորչական կազմակերպությունների հետ, նրանց ներկայացնել տաղանդավոր, խոստումնալից ստեղծագործություններ: Դա նպաստելու է մեր կոմպոզիտորների, նկարիչների, գրողների ստեղծագործական վերելքին, այդ թվում` երիտասարդների: Սակայն ինչ որ մեկից կախվածություն մենք ամենաքիչն ենք ուզում: Շատ բանով դրանից է կախված` ինչպիսի ստեղծագործություններ կծնվեն մեզ մոտ»,-հայտարարեց Ամիրխանյանը: