Երեւանում, 2011թ. հոկտեմբերի 20-21-ին գումարված Եվրոպական շարժման միջազգային կոնգրեսի առաջնորդներ Փաթ Կոքսը եւ Շարլ Ֆերդինանտ Նոթոմբը, երեկ` հոկտեմբերի 21-ին, օրվա 2-րդ կեսին, կոնգրեսի աշխատանքների ավարտից հետո այցելել են Էրեբունի ամրոցի միջնաբերդ եւ թանգարան` ծանոթանալու Երեւան մայրաքաղաքի բնօրրանին:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ նրանք շրջել են ամրոցի միջնաբերդում եւ հետաքրքրվել ուրարտական բերդաքաղաքի պատմության մանրամասներով, ինչպես նաեւ հետաքրքրությամբ դիտել են արգելոց-թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված պեղածո նյութերը` Էրեբունիից, Շենգավիթից եւ Կարմիր բլուրից:
Եվրոպական շարժման առաջնորդները Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին կարեւորել են պատմամշակութային ժառանգության պահպանության սկզբունքները եւ մոտեցումները, մասնավորապես նշել են քաղաքային միջավայրում հնագիտական ժառանգության ներկայացման բարդությունները:
Պատվավոր հյուրերը իրենց տպավորություններն են գրառել արգելոց-թանգարանի հուշամատյանում: Շարժման նախագահ Փաթ Կոքսը, ով ազգությամբ իռլանդացի է, հին իռլանդերեն գիրը նմանեցրել է ուրարտական սեպագրին եւ իր նախնիների լեզվով գրել է. «Անչափ տպավորված եմ այս այցելությունից»: Իսկ Բելգիայի պետական նախարար Շարլ Ֆերդինանտ Նոթոմբը թողել է հետեւյալ գրառումը. «Փորձելով մեզ համար բացահայտել Երեւանը` մենք հասկացանք` թե որտեղ է Նոյը որոշել իջնել»:




























