ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 22-ին, ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի դադարում հակահայկական եւ հակաղարաբաղյան քարոզչությունը, կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը եւ շարունակում է ռազմականացման գործընթացը, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում հակամարտության կարգավորման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության  պահպանման համար: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը հանդիսանում է հակամարտության կարգավորման ամենակարեւոր խնդիրներից մեկը:

Երկուստեք նշվել է երկխոսության միջոցով բանակցային գործընթացի շարունակման կարեւորությունը, ուժային տարբերակի կիրառման անընդունելիությունը: Հատուկ ընդգծվել է, որ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց ապահովելու համար նախեւառաջ անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը եւ դրան ուղղված համապատասխան քայլերի իրականացումը:

Հանդիպմանը ներկա են եղել Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: