Թուրքիայի տարածքում գտնվող վրացական հուշարձանների պահպանության շուրջ տարվող վրաց-թուրքական բանակցությունները շարունակվում են, եւ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ընթացքում նշել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն:

Նրա խոսքով` վրացական, ինչպես նաեւ թուրքական կողմը ունի մի քանի սկզբունքային հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն: Կալանդաձեն նշել է, որ այդ հարցով հետաքրքրված է նաեւ Վրաստանի պատրիարքարանը:

Հիշեցնենք, որ համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարխ Իլյա Երկրորդը նամակով դիմել է Թուրքիայի վարչապետին վրացական հուշարձանները վրացական կողմին փոխանցելու հարցով: Սակայն թուրքական կողմը դեռ չի ավարտել այդ հարցի քննարկումը, հայտնում է «Գռուզիա online»-ը: