Պետական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24 –ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը պարգեւներ հանձնեց հայ եւ ռուս մտավորականության ներկայացուցիչներին:
Պատվո շքանշանով պարգեւատրվեցին «Ռուսաստանյան երկաթուղի» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը եւ անվանի բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը: Հայաստանի նախագհի ձեռքից ընդունելով պարգեւը` Գրիգորովիչը, ով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Սպարտակ» ներկայացման հեղինակն է, ընդգծեց, որ բարձր է գնահատում մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունը նրա իսկ հայրենիքում բեմադրելու համար ստացած պարգեւը:
ՌԴ նախագահի խորհրդական Ջահան Պոլիեւային շնորհվեց «Մխիթար Գոշ» մեդալ: Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան եւ ԽՍՀՄ էներգետիկայի եւ էլեկտրաֆիկացիայի նախարար Յուրի Սեմյոնովն ստացան «Անանիա Շիրակացի» մեդալ: «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրվեցին «Ցենտրալ պարտնյորշիպ» կինոընկերության սեփականատեր Ռուբեն Դիշդիշյանն ու Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը:



























