Տարածաշրջանի երկրներում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը ստեղծում եւ ստեղծելու է մարտահրավերներ։ Այս մասին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում նոյեմբերի 28-ի գիտաժողովում ասել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ Իրանում ուշադիր հետեւում են Հարավային Կովկասի գործընթացներին եւ Հայաստանի հետ հարաբերություններին։

«Իրանի համար շատ կարեւոր է հասկանալ, թե Հայաստանն ինչ հեռանկարներ է տեսնում երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, ինչպես է Հայաստանն ընկալում Իրանի դերը անվտանգության հարցում, ինչպես է Հայաստանն արձագանքում Իրանի քաղաքականությանն անվտանգության ոլորտում եւ Թեհրանի առաջնահերթություններին տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում»,- ավելացրել է նա։

Բեգլարյանը հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները միշտ բարիդրացիական են եղել եւ ունեցել են եւ ունեն կայուն զարգացման միտում։

«Բայց այդ ճանապարհին տնտեսական հարաբերությունների մակարդակը միշտ զիջել է քաղաքական հարաբերություններին։ Այդ բացը հատկապես նկատելի է դարձել ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ ենթակառուցվածքների մասով։ Տագնապալի համաշխարհային գործընթացների ֆոնին ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների հարաբերությունները անցել են զարգացման նոր փուլ, որոնք ունեն եւ ունենալու են բազմակողմանի բնույթ»,- ընդգծել է պատգամավորը։